Ակունք ազգագրական համույթ
Ակունք ազգագրական համույթ
«Ակունք» ազգագրական համույթը ստեղծվել է 1976 թ. Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։ Խմբում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ և այլ բնակավայրերից 1915թ. տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977թ. նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ խմբի առաջին պաշտոնական ելույթը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Դրանից հետո սկսվում են համերգները Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, և «Ակունքն» աստիճանաբար նվաճում է բոլորի սրտերը՝ դառնալով հայ ազգային երգի ու պարի դրոշակակիրը։
1979 թ. արդեն խումբը հրավիրվում է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունենում։1981 թ. այն պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։ Սկսվում են նկարահանումները և ձայնագրությունները։ Մոսկվան, ի դեմս կենտրոնական հեռուստատեսության, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրում է նրան հաղորդաշարերի, նրա մասնակցությամբ նկարահանում վավերագրական ֆիլմեր։ Համույթի երգացանկի հիման վրա և նրա մասնակցությամբ նկարահանվում են «Երգի ակունքներում», «Տարոն Աշխարհ» և «Երգի վերադարձը» երաժշտական ֆիլմերը։ Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանանում է մրցանակի։ Սկսվում են ակտիվ համերգային շրջագայությունները։ Խումբը հրավիրվում է բազմաթիվ երկրներ Խորհրդային Միության տարածքով մեկ, նաև՝ արտասահմանյան երկրներ՝ ամենուրեք հնչեցնելով հայ երգը (1979թ.-Էստոնիա, 1981թ.- Արևմտյան Գերմանիա, 1982թ. – Ալմա-Աթա, 1982թ. – Կիև, 1983թ. -Մոսկվա, 1984թ. – Ռոստով, 1987թ. – ԱՄՆ և Կանադա, 1988թ. – Վրաստան, 1988թ. – Մոսկվա, 1991թ. -Իտալիա, 1996թ. – Սիցիլիա, 2000թ. – Թուրքմենստան, 2001թ. – Հնդկաստան, 2002թ. – Բելգիա, Գերմանիա, 2009թ. – Սիրիա, Թուրքիա , 2010թ., 2011թ. – Արևմտյան Հայաստան /Թուրքիա/):
Խմբի ծրագրերում ընդգրկված են Պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր ժամանակաշրջանները` սկսած հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը։ Համերգային ծրագրերում հնչում են դուդուկ, շվի, սրինգ, բլուլ, զուռնա գործիքային կատարումներ և աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ 2007թ. ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում «Ակունք» համույթը համարվեց «Տարվա լավագույն ազգագրական համույթ» անվանացանկի հաղթողը։ 25.07.2010թ.
Երևանում կայացավ ազգությամբ զազա երաժիշտների և «Ակունք» համույթի համատեղ կատարումներով թողարկված «Փեթակ» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի նյութը Արևմտյան Հայաստանի Դերսիմի տարածքից (պատմական Ծոփք նահանգի մի մասը՝ Վանա լճից դեպի հյուսիս) գրառված երգերն են։Այսօր էլ համույթը համարվում է ամենաշարժուն խմբերից մեկը և հավատարիմ է իր առաքելությանը: Այն ավելի քան 35 տարի պատշաճ կերպով ներկայացնում է ազգային արվեստը ամենուրեք՝ որպես սկզբունք դավանելով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը։