Եղիա Տնտեսյան
Եղիա Տնտեսյան
Եղիա Տնտեսյան, [29.3(10.4).1834, Կ. Պոլիս – 23.4(5.5).1881, Կ. Պոլիս], երաժիշտ-տեսաբան, մանկավարժ, տպագրիչ: Նախնական ընդհանուր և երաժշտական պատրաստությունն ստացել է Կ. Պոլսի Միջագյուղ թաղի դպրոցում:
1848-ից որպես աշակերտ-տպագրիչ աշխատել է «Սրապյան» տպարանում, հետագայում Հ. Մյուհենտիսյանի ղեկավարությամբ կատարելագործել է արհեստը, մասնագիտացել նաև հայկական և եվրոպական նոտատպության գործում: Երուսաղեմում և Ս. Էջմիածնում ուսումնասիրել է երգվող շարականները և դրանց խազագրությունը: 1864-ին Կ. Պոլսում հրատարակել է «Բովանդակութիւն նվագաց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ» «տետրը», որտեղ, եվրոպական հեղինակների (Յո. Շրյոդեր, Շ. Վիլլոտո, Հ. Պետերման) հրապարակումներից հետո, առաջին անգամ խորագիտակորեն ներկայացրել է շարականների սկսվածքները (ձայնեղանակների լադա-ելևէջային խտացված բանաձևերը) և հատընտիր շարականներ:
Տնտեսյանը եռանդուն մասնակցություն է ունեցել ազգային հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու, կարգավորելու և հետագա խեղաթյուրումներից զերծ պահելու, ինչպես նաև ժողովրդի երաժշտագիտական լուսավորման նպատակով Կ. Պոլսում տարվող աշխատանքներին: 1869–71-ին հայկական նոտաներով գրառել է Շարակնոցն ամբողջությամբ, կազմել հայկական նոտագրության համառոտ ձեռնարկ՝ «Տարերք երաժշտության» (հրտ. 1933): Մինչկոմիտասյան շրջանի հայ երաժշտագիտության կարևորագույն նվաճումներն է ամփոփում նրա «Նկարագիր երգոց Հայաստանեայցս ս. եկեղեցւոյ...» (1874) գիրքը:
Տնտեսյանը հրատարակել է նաև «Նուագք Հայկականք» պարբերականը (1879): Տնտեսյանի գործունեությունը նշանակալից հետք է թողել հայ երաժշտության տեսության բնագավառում: Հատկապես կարևոր են հոգևոր երաժշտության մոնոդիկ (մեներգեցողության) էության ընկալումն ու հետազոտումը՝ կապված այդ երաժշտության հնչյունաշարի տեմպերացիայի առանձնահատկությունների և հայկական ձայնեղանակային համակարգի (տեսՈւթձայն) ամբողջականության հետ: Տնտեսյան գիտահետազոտական և գործնական ձեռնարկումներն ուղղված են եղել ազգային երաժշտության ինքնուրույնության ու ինքնատիպության հաստատմանն ու պահպանմանը:
Տնտեսյանը 1880-ական թթ. Արմ. Հայաստանում ծավալված համիդյան բռնությունների առաջինզոհերից է: Իր «Նոր երգարան հայոց» ժողովածուում Մ. Նալբանդյանի «Ազատություն», ազատախոհ այլ բանաստեղծություններ, ինչպես նաև ֆրանսերեն «Մարսելյեզը» տպագրելու առիթով բանտարկվել է և բանտում էլ մահացել: