Վալյա Սամվելյան
Վալյա Սամվելյան
Վալյա Սամվելյան (օգոստոսի 12, 1937 - դեկտեմբերի 3, 1990), ժողովրդական երգչուհի, մի շարք կատարումների հեղինակ, ՀՀ վաստակավոր արտիստ։
Դեռ մանկուց ապագա երգչուհին լսում էր Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Վաղարշակ Սահակյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Շողիկ Մկրտչյանի, ապա՝Օֆելյա Համբարձումյանի և Հովհաննես Բադալյանի կատարմամբ հայկական ժողովրդական ու գուսանական երգերը և ցանկանում էր դառնալ ժողովրդական երգչուհի։ Ծնողներն իրենց հերթին դստեր մեջ սերմանում էին սեր դեպի հայ երգարվեստը։ Նրանց տանը պահպանվում էր վանեցի հայրիկի՝ իր հորից ժառանգություն ստացած երգարանը, որտեղից էլ նա ընտրում է իր առաջին կատարումները։
Աշխատել է «Հայէլեկտրո», այնուհետև սարքաշինական գործարանում՝ շարունակելով երգել ինքնագործ անսամբլում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ «Ժողգործիք» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և թառահար Կարլեն Գևորգյանին։ Եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Անսամբլի կազմում հանդես է եկել 38 տարի՝ մինչև կյանքի վերջին օրերը։
1957 թ. նա մասնակցում է Հայաստանի երիտասարդական փառատոնին և զբաղեցնում երգի ասպարեզում առաջին տեղը՝ պարգևատրվելով ոսկե մեդալով։ Դրան հաջորդում են ևս երեք ոսկե մեդալ։ Սակայն Վալյա Սամվելյանը չի բավարարվում այս ձեռքբերումներով և փորձում է նվաճել նոր բարձունքներ երգարվեստի ասպարեզում։ Վալյա Սամվելյանն իբրև երգչուհի վերջնականապես կայացավ պետական ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում։
Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսան Աշոտի, Շահենի և ուրիշների ստեղծագործությունները։ Նրա առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները։
Երգչուհու մահից հետո որդու՝ Արա Գևորգյանի ջանքերով թողարկվել են նրա երկու երաժշտական ալբոմները՝ «Թողեցիր ինձ մենակ» և «Անուշիկ իմ քույրիկ»։