Ցեղասպանության ճանչումը` բարձր արվեստի միջոցով

Հայկ Մելիքյան

Երեկ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կայացավ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 


Սկավառակը թողարկվել է ՀՀ Սփյուռքի նախարարության և Գաֆէսճեան արվեստի եկնտրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Սկավառակի գաղափարի և հենց դասական երաժշտության ձևաչափով աշխարհին և' մեր ցավի, և' դասական երաժշտության մեջ մեր Մՙեծությամբ ընդվզելու գաղափարի կյանքի կոչման նպատակով աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայեր իրենց մասնակցությունն են ունեցել` այս խորհրդանշական սկավառակի թողարկման գործում:
  

Սկավառակի եվրոպական շնորհանդեսը կայացել է 2014 թ.  Բրյուսելում և այս տարին այն վերջապես նաև ներկայացվեց երևանյան ունկնդրին: Հայկ Մելիքյանի “Բագինին արձագանքներ” սկավառակը թեմատիկ առումով պարունակում է խորհրդանշական լույս, քանի որ հատուկ գրվել և ներառվել են մեր օրերի հայ կոմպոզիտորների գործեր, ինչը խորհրդանշում է շարունակականություն և ապագա, ինչպես նաև դասական երաժշտության ձևաչափով արտահայտում «հիշում եմ» խորագիրը:  

Շնորհանդես-համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կատարեց Կոմիտասի, Հարություն Դելլալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, ինչպես նաև կայացավ Դավիթ Բալասանյանի “Վեց միկրոլյուդ” շարքի պրեմիերան: Համերգի ավարտին դաշնակահարուհի Լիլիթ Աբովյանի հետ համատեղ չորս ձեռք ձևաչափով հնչեց Հայկ Մելիքյանի “Բագինին արձագանքներ” եռապատումը` գրված Դանիել Վարուժանի բանաստեղծությունների հիման վրա: Ներկա էին դիվանագիտական անձինք և պաշտոնական ներկայացուցիչներ:  

Սկավառակում ներառված են Կոմիտասի Վեց պարերը և Յոթ երգ շարքը, Էդուարդ Սադոյանի “Նվիրում Արշիլ Գորկուն” սոնատը, ամերիկաբնակ Տաթև Ամիրյանի “Սպասելով լուսաբացին” պիեսը և Հայկ Մելիքյանի “Բագինին արձագանքներ” եռապատումը:  

Նշենք, որ ապրիլի 16-ից մեկնարկում է Հայկ Մելիքյանի եվրոպական համերգային շրջագայությունը, որի շրջանակներում տեղի կունենան “Սպասելով լուսաբացին” խորագիրը կրող մի շարք կարևորագույն համերգներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին` Նիդերլանդներում և Գերմանիայում: