Ռոբերտ Ամիրխանյան
Ռոբերտ Ամիրխանյան
1964-69թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969թ-ից դասավանդում է կոնսերվատորիայում (1981-ից` պրոֆեսոր)։
1969-72թթ եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1984թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1986թ.` ժողովրդական արտիստի կոչմանը։
1991-2013թթ եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահը։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ («Ատամնաբույժն արեւելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար:
1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
1999-2003թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր` լինելով գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են` «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն:
Հեղինակ է կանտատ-օրատորիալ, նվագախմբային, դաշանմուրային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների: Կոմպոզիտորի արվեստում կենտրոնական է վոկալ ժանրը:
Հիմնական ստեղծագործությունների ցանկ
Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Զոնգ-օպերա «Քաղքենին ազնվական»
«Վարիացիաներ լարային քառյակի համար», (Խորհրդային Միության երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի 1969 թ.)
«Առաջին խոսքն իմ» և «Քարը» երգաշարեր` Ալիսիա Կիրակոսյանի խոսքերով
«Հուշ» երգաշար` Իրինա Պանովայի բանաստեղծությունների վրա (ռուսերեն լեզվով)
«Երևանյան ռապսոդիա» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2009 թ.
«Կանտատ սիրո» ալտի, մեծ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար 2012 թ.
«Ատամնաբույժն արևելյան» և «Դինգ-դոնգ» մանկական մյուզիքլ
«Էջ Միածինն ի հորէ», «Հայր մեր», «Սեգ աշխարհ հայոց», Երազ իմ երկիր, «Ավետյաց երկիր» (խմբերգեր)
Բազմաթիվ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտություն («Տղամարդիկ», «Հայրիկ», «Հեղնար աղբյուր», «Հնձան», «Պույ-պույ մուկիկ», «Խոսող ձուկը» և այլն)
Մեկ տասնյակ դաշնամուրային պիեսներ
1969 թ. Բեյրութում Թեքեյան մշակութային միության հայտարարած «Կոմիտաս - 100» երգի մրցույթում «Կոմիտասին» արժանացել է 1-ին մրցանակի:
1973 թ. Բեռլինի համաշխարհային երիտասարդական փառատոնի քաղաքային երգի մրցույթում «Ո՞ւր եք, տղաներ» երգն արժանացել է «Լավագույն երգ» մրցանակին:
1975 թ. Սոպոտի միջազգային մրցույթում «Աշնան մեղեդի» ստեղծագործությունն արժանացել է 3-րդ մրցանակի:
1978 թ. Մոսկվայի ռադիոյի հայտարարած միութենական հարցապնդման արդյունքում «Քո աչերի հետ» երգը ճանաչվել է Տարվա լավագույն երգ:
1988 թ. Բելգրադում կայացած UNISEF 88 երգի համաշխարհային մրցույթում «Երգն էլ ունի հոգի» երգն արժանացել է 3-րդ մրցանակի:
1983 թ. Սոչիի` «Ալ Մեխակ» երգի համամիութենական մրցույթում «Ելեք» արժանացել է 1-ին մրցանակի: ԵՊԿ պրոֆեսոր է: Արժանացել է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի:
2010 թ. Ռուսաստանի կառավարության կողմից արժանացել է «Դաշնության Աստղ» շքանշանին:
2011 թ. արժանացել է Հայաստանի Պետական մրցանակի:
2012թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: