Մահացել է վաստակավոր արտիստ Սերգեյ Կարապետյանը

Սերգեյ Կարապետյան

82 տարեկան հասակում մահացել է հանրապետության վաստակավոր արտիստ, Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի դուդուկահար Սերգեյ Կարապետյանը։

Նա ծնվել է Երեւանում 1933 թվականին։ Փոքր հասակից դպրոցական տարբեր խմբակներում սովորել է նվագել ազգային գործիքների վրա։

1947թ-ից նվագել է գուսան Սմբատի, իսկ 1949թ-ից՝ Վարդան Բունիի խմբերում: 1952թ ընդունվել է ֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլ, որի ղեկավարն էր քամանչահար Գուրգեն Միրզոյանը: Այս անսամբլում էին աշխատում  երգչուհիներ Շողիկ Մկրտչյանը, Վերգինե Բաբայանը, դուդուկահար Լևոն Մադոյանը, թառահար Ալեքսանդր Սարգսյանը, քամանչահար Խաչատուր Ներսիսյանը, քանոնահար Մարտին Հովհաննիսյանը և  ուրիշ հայտնի երգիչներ ու կատարողներ:

Սերգեյ Կարապետյանը զորակոչվելով խորհրդային բանակ, այստեղ եղել է բանակային փողային նվագախմբի կլարնետահար -մենակատար, իսկ զորացրվելուց հետո՝ 1955թ. Շարունակել է հանդես գալ ժողովրդական գործիքների տաբեր համույթներում։

Որպես պրոֆեսիոնալ երաժիշտ սկսել է հանդես գալ 1964թ –ից, երբ ընդունվել է Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ՝ որպես դուդուկահար: Եղել է առաջին դուդուկահար Վաչե Հովսեփյանի օգնական-փոխարինողը: 1978թ նշանակվել է անսամբլի առաջին դուդուկահար-մենակատար և միաժանակա դուդուկահարների խմբի կոնցերտմեստեր:

Սերգեյ Կարապետյանը 1978-1988թթ դասավանդել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դուդուկի-շվիի դասարանում։ Ունեցել է տասնյակ աշակերտներ, որոնք տարբեր երկրներում մասնակցելով երաժշտական մրցույթների արժանացել են պատվավոր մրցանակների: 1986թ Սերգեյ Կարապետյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

Դուդուկով, կլարենտով և զուռնայով կատարումները ձայնագրվել ու պահվում են Հանրային ռադիոի Ոսկե Ֆոնդում։ Բացի այդ՝ Սերգեյ Կարապետյանի կատարումները թողարկվել են 2 ձայնասկավառակներում, 2 ձայներիզներում, 3 լազերային ձայնասկավառակներում և 2DVD-ներում:

Վերջին 35 տարիների ընթացքում Սերգեյ Կարապետյանը մենահամերգներով հաճախակի հանդես է եկել հեռուստատեսությամբ և ռադիոյով, մասնակցել է համերգների Հայաստանում և աշխարհի շատ  երկրներում:

Աղբյուրը՝ Armradio.am