Լուսինե Զաքարյան
Լուսինե Զաքարյան
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն՝ իր այդ երգեցողության և նրան ի վերուստ տրված շնորհի համար», -Կաթողիկոս Վազգեն Առաջին: Հայ մեծագույն սոպրանո, Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Դեռ փոքրուց է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ:
Լուսինեն սերում էր երաժիշտների գերդաստանից: Լուսինեի մորական կողմից պապը ՝Իոսիֆ Տոմաշեվիչը, ծագումով լեհահայ, եղել է Ս.Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում: Տատը ՝Ելենա Տոմաշեվսկայան ,դաշնակահարուհի էր: Երևան տեղափոխվելուց հետո Լուսինեն սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև ՝Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին' Հրանտ Գևորգյանին, խնդրեց թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմեց Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական եղավ: Այնուամենայնիվ Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Լուսինեի առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ եղավ Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով նա պատվիրեց անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում:
Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝Խ.Պալյանի ջանքերով սովորեց հայերեն եւ գրաբար, և նվիրվեց հայ հոգևոր երաժշտությանը: Լուսինեի եզակիությունը հայ մշակույթի համար, նրա պատմական դերի մեջ էր: Նա կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար: Խորհրդային իշխանության պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը դուրս բերել եկեղեցուց և դարձնել համաժողովրդական: Հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ժողովուրդն ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:
Լուսինեն գերեց ու «գրավեց» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդրի սիրտը: Բազմիցս համերգներով եղել է արտերկրում ,որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին , հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները: Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Լուսինեի համար է կոմպոզիտոր Ա.Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Ս.Կապուտիկյանը ,Վ.Դավթյանը,Պ.Սևակը , այլազգի բանաստեղծներ: Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան:
Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին: Նրա հիշատակին Վազգեն Առաջինը ասել է. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա... Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»: Լուսինե Զաքարյանը թաղված է Սուրբ Գայանե վանքի բակում: