Հայկանուշ Դանիելյան
Հայկանուշ Դանիելյան
1920թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան: 1920-32թթ երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում: 1924թ. երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով:
1932թ-ից` եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: 1939թ. հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Եղել է նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր:
1941-51թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1949-52թթ եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը:
Լավագույն դերերգերից են` Ջիլդա, Վիոլետա` Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», Ռոզինա` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Բատերֆլայ` Պուչչինիի «Չիո Չիո-սան», Անուշ` Տիգրանյանի «Անուշ», Սոֆի` Այվազյանի «Թափառնիկոս», Անտոնիդա` Գլինկայի «Իվան Սուսանին», Մ.Վալուա` Մեյերբերի «Հուգենոտներ», Օլիմպիա`Չուխաճյանի «Արշակ Բ», որոնք աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ:
Նրա համերգային ծրագրում ընդգրկվել են հայ և արտասահմանցի կոմպոզիտորների` Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի երգերից ու ռոմանսներից:
Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ: Նրա անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց: