Ավետ Տերտերյան
Ավետ Տերտերյան
Ավետ Տերտերյան (հուլիսի 29, 1929, Բաքու - դեկտեմբերի 11, 1994, Եկատերինբուրգ), հայ կոմպոզիտոր։
Ավետ Տերտերյանը ծնվել է Բաքվում։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է գեկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի։ 1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։
1952 թվականին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը։
Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ ևհայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։
Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։ Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով)։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը։
Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։