Արմինե Գրիգորյան
Արմինե Գրիգորյան
Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (դաս. Կարինե Սմբատյան): 1985-90թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1990-93թթ` ասպիրանտուրայում, պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների դասարանում:
Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Ավստրլիայում և այլուր: Դարձել է միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր:
«Հռոմ 2003» դաշնակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է կրկնակի դափնեկրի կոչմանը և շքանշանի` Հռոմի դեպուտատների պալատի կողմից: Թողարկել է մի քանի խտասալիկներ` այդ թվում «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» խտասալիկը` նվիրված մեծ կոմպոզիտորի քիչ հայտնի դաշնամուրային ստեղծագործություններին:
2003թ. հիմնադրել է «Սոնետ» դաշնամուրային դուետը` դաշնակահար Սոնա Բարսեղյանի հետ: 2005թ-իցԱրամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարն է: 2010թ. Եռյակի մյուս անդամների հետ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ», որն ակտիվ գործունեություն է ծավալել` պրոպագանդելով մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, աջակցելով շնորհալի պատանի երաժիշտներին:
2005թ. Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է նվագակցության արվեստի փառատոն, 2008թ.` Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոն, 2013թ.` միջազգային գիտաժողով` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: 2007թ. հրատարակել է իր բանաստեղծությունների «24 պրելյուդ» խորագիրը կրող ժողովածուն:
Դաշնակահարուհու նվագացանկում տեղ են գտել Ա.Խաչատրյանի, Է.Միրզոյանի,Ալ.Հարությունյանի, Մոցարտի, Շոպենի, Բրամսի, Ռախմանինովի, Դեբյուսիի, Չայկովսկու և այլոց ստեղծագործությունները: Նրան են ձոնվել մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությունները:
2004թ-ից ղեկավարում է Արամ Խաչատրյանի տուն-թագարանը: Հայ դաշնակահար-ուսուցիչների ասոցիացիայի պատվավոր նախագահն է: Որպես ժյուրիի անդամ` հանդես է եկել մի շարք միջազգային և հանրապետական մրցույթներում: Դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր է:
2013թ. Լեհաստանի հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով` Լեհաստանի մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար: