Արամ Սաթյան
Արամ Սաթյան
Արամ Սաթյան (նաև Սաթեան) (ծնվ. 1947 թ. մայիսի 23), հայ դասական կոմպոզիտոր, ժողովրդական երգահան։ 1961թ. ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1970թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում:
1969թ. Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը: 1970թ-ից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ:
1973-80թթ աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիո պետական կոմիտեում` որպես երաժշտական խմբագիր, 1980-86թթ` Երևանի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ:
1981-84թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և հրավիրվել դասավանդելու ստեղծագործական բաժնում: 1990-94թթ եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-97թթ` Հայաստանի հեռուստառադիո պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը:
Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում` 1981թ.` ՀԽՍՀ կոմերիտմիության Պետական մրցանակ, 1976թ.` «Առաջին սիրո հեքիաթն իմ», 1985թ.` «Արդյոք հիշում ես», 1991թ.` «Հուսո աղոթք» երգերը` «Լավագույն երգ»:
Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար: Թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ:
2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: 2013թ. ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ: