Աննա Նշանյան
Աննա Նշանյան
Աննա Նշանյան, օպերային երգչուհի: Ծնվել է 1931թ. դեկտեմբերի 12-ին, Եգիպտոսում:
1945թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Եգիպտոսում` «Անուշ» օպերայում կատարելով Անուշի դերը: Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը: 2 տարի հաճախել է դասընթացների իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի մոտ, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ: 1952թ. առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով:
1959թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան և նույն թվականից աշխատել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգչուհի:
1963թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` կամերայի և օպերային երգչուհի որակավորումով: Հանդես է եկել բազմաթիվ օպերային դերերգերով` Անուշ` Հ.Թումանյանի «Անուշ», Իշխանուհի Աննա` Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա», Շուշան` Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Օլիմպիա` Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Վիոլետա` Վերդիի «Տրավիատա», Դեզդեմոնա` Վերդիի «Օթելլո» և այլն:
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում: Կատարել է նաև Մոցարտի, Մասինիի, Բիզեի, Վերդիի, Մուսորսկու և այլ հայտնիների ստեղծագործություններից: Հյուրախաղերով եղել է Սովետական Միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբաբանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում:
1964թ. նկարահանվել է Հ.Ղափլանյանի «Քաղաքավարության կանոնները» կինոնկարում: 1970թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 1977թ.` ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրի: 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների և մրցանակների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչմանը:
2013թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: