Մարիաննա Հարությունյան
Մարիաննա Հարությունյան
Մարիաննա Հարությունյան, (1923, դեկտեմբերի 12, Թբիլիսի - 2012, հուլիսի 6, Երևան), հայ դաշնակահարուհի, երգչուհի, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)։
1948 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 1953 թվականին՝ մեներգեցողության բաժինը։ 1948 թվականից եղել է Երևանի կոնսերվատորիայի կոնցերտմայստեր, 1952-1959 թվականներն՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ 1963 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1985 թվականից՝ պրոֆեսոր։
Կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը, Անուշի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ռոզինայի՝ Ռոսսինիի«Սևիլյան սափրիչ» դերերգերը։
Մարիաննա Հարությունյանի սաններից են Մելանյա Աբովյանը, Անահիտ Ներսիսյանը, Արմեն Բուդաղյանը, Օ. Գաբայանը, Լիլյա Օվչյանը, Ջուլիետ Գալստյանը, Սուրեն Շահիջանյանը, Նարինե Օջախյանը, Է. Չախոյանը, Դ. Վարժապետյանը, Արաքս Մանսուրյանը, Հ. Սիմոնյանը։
Ելույթներ է ունեցել Զարուհի Դոլուխանյանի, Մակվալա Կասրաշվիլու (Ռուսաստան), Մանուկ Բարիկյանի (Անգլիա), Տիգրան Ժամկոչյանի (Իտալիա), Ժանետ Գույումջյանի (Եգիպտոս), Լիլի Չուգասզյանի (ԱՄՆ), Դավիթ Վարժապետյանի (Կանադա) հետ, ստեղծագործական կապերի մեջ է եղել Լուսինե Զաքարյանի, Ռուբեն Ահարոնյանի, Մեդեա Աբրահամյանի, Զոյա Պետրոսյանի, Գոհար Գալաչյանի, Օլգա Գաբայանի, Վահան Միրաքյանի հետ։
Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում,Եգիպտոսում, Իրաքում և այլ երկրներում։