Ալեքսանդր Սպենդիարյան
Ալեքսանդր Սպենդիարյան
Ալեքսանդր Սպենդիարյան, կոմպոզիտոր, դիրիժոր: Ծնվել է Ուկրաինայի Կախովկա քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սիմֆերոպոլի գիմնազիայում: Երաժշտական պարապմունքներն սկսել է ինը տարեկանից, սովորել է ջութակ նվագել:
1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը: Մոսկվայում շարունակել է ջութակի դասեր վերցնել Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ Պեկարսկուց: Նրա երաժշտական զարգացման համար չափազանց մեծ նշանակություն է ունեցել մասնակցությունը ուսանողական սիմֆոնիկ նվագախմբին:
1896-1900թթ Պետերբուրգում աշակերտել է նշանավոր կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովին: Հետագայում ապրել է Ղրիմում, ուր ծավալել է երաժշտական-հասարակական բուռն գործունեություն: Յալթայի նրա տունը դառնում է մշակութային կենտրոն, ուր հաճախ եղել են Գորկին, Չեխովը, Գլազունովը, Արենսկին, Շալյապինը: Այստեղ կազմակերպվում էին երաժշտական երեկոներ, որոնց ժամանակ ելույթ էին ունենում թե´ մասնագետ, թե´ ժողովրդական կատարողներ:
1916թ. «Հայոց երաժշտական ընկերության» հրավերով հեղինակային համերգով այցելել է Թիֆլիս: Իսկ 1924թ., Հայաստանի կառավարության հրավերով, փոխադրվել է Երևան, իսկ դեկտեմբերի 10-ին, Երևանում կայացել է աոաջին սիմֆոնիկ համերգը նրա ղեկավարությամբ: 1926թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Հիմնադրել է Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը։
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Ալմաստ» օպերան և Երևանյան էտյուդները։ Մահացել է Երևանում։ Թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում: Նրա անունով է կոչվել Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: