Աննա Մայիլյան
Աննա Մայիլյան
Աննա Մայիլյան, հայ երգչուհի (սոպրանո), ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր։
Ծնվել է Երևանում, 23.10.1970թ.։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1992),Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1996)։ Կատարելագործվել է «Մոցարտ» ակադեմիայում (1997-98,Լեհաստան), «Վիլլեքրոզ» ակադեմիայում (Ֆրանսիա), «Հարիկլեա Դարկլե» ակադեմիայում (Ռումինիա)։ Վարպետաց դասեր է ստացել Արաքս Դավթյանի, Քերսթին Մայերի (Շվեդիա), Աննա Դեյնոլդսի (Գերմանիա), Էլլա Բլահովայի (Չեխիա), Մարիաննա Նիկոլեսկույի (Ռումինիա), Քերոլ Սմիթի (Շվեյցարիա) մոտ։
1995-ից մեներգել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում։ 1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում, 2010թ.-ից դոցենտ է։ Երևանում 2000թ. հիմնել է «Սաղմոս» մշակութային կենտրոնը և «Վարպետներ» վոկալ անսամբլը։ 2006-ին հիմնել և ղեկավարում է «Էթնո» վոկալ եռյակը։ Մասնակցել է համերգային փառատոնների, մրցույթների (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կանադա և այլն)։
1994թ-ին Երևանում «Կոմիտաս-125» վոկալ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի, 1996-ին Ավստրոգերմանական և հայ երգի հանրապետական մրցույթում՝ 1-ին մրցանակի, 2000-ին Ռումինիայում Հարիկլեա Դարկլեի անվան միջազգային մրցույթում՝ ոսկե մեդալի և դափնեկրի կոչման։ 2001-ին Իտալիայում «Իբլա-Գրանդ Պրայզ» միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման՝ հայ և արևմտագերմանական երգի յուրահատուկ մատուցման համար։
Երգացանկում են հոգևոր և ժողովրդական երգեր, դասական և ժամանակակից հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Պարգևները
2003թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
2008թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը։