Արուս Աճեմյան. «Երաժշտություն, որին տվել եմ սիրտս ու հոգիս»

Արուս Աճեմյան

Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հասցրել է մենահամերգներով հանդես գալ բազմաթիվ միջազգային բեմերում, մասնակցել մի շարք մրցույթների և փառատոների՝ հաղթանակներով վերադառնալով հայրենիք:

Նա բարձր է պահում հայ երիտասարդ դաշնակահարների անունը, և, ինչու՞ չէ, նաև Աճեմյանների անունը:

Այս անգամ երաժշտության, դրա կարևորության, հայ հանդիսատեսի խստապահանջության մասին զրուցել եմ Հայաստանի վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանի հետ:

- Արուս, ունեցե՞լ է արդյոք Ձեր հայրը՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանն իր մասնակցությունը Ձեր մասնագիտությունն ընտրելու հարցում:
- Անշու՛շտ: Ես ծնվել և մեծացել եմ երաժիշտների ընտանիքում, բազմիցս լսել եմ, թե ինչպես է ստեղծագործում պապիկս՝ Ալեքսանդր Աճեմյանը, և, իհարկե, հայրս: Իմ մասնագիտական կայացման մեջ անջնջելի հետք է ունեցել նաև մայրս: Ցավոք, նա հեռացավ կյանքից, բայց նա միշտ ինձ հետ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նրան՝ իր անմնացորդ նվիրման, իր տարած ջանքերի համար:
Ծնողներս նպաստել են իմ ընտրությանը, բայց ամենամեծ ազդեցությունն իմ վրա ունեցել է ուսուցիչս՝ Ռոզա Թանդիլյանը, որի մոտ ես ուսանել եմ հինգ տարեկան հասակից:
Այս հարազատ մարդկանց շնորհիվ է, որ ես այսօր կայացած երաժիշտ եմ:

- Ստեղծագործական կյանքի ընթացքում Ձեզ երբևէ պարտավորեցրե՞լ է այն փաստը, որ Դուք նրա դուստրն եք: Մեծ բեմերի վրա կատարե՞լ եք նրա գործերից:
- Իհարկե՛: Եվ ո՛չ միայն նրա դուստր լինելը. պարտավորեցրել է իմ անվանի նախնիների հետնորդ լինելը:
Ինչ վերաբերվում է հայրիկիս գործերին՝ դրանք կատարել եմ և հայաստանյան բեմերում, և արտերկրում: Նրա ստեղծագործությունները միշտ մեծ ուշադրության են արժանացել: Համերգներից հետո ինձնից այդ կատարումների նոտաները խնդրել են այնպիսի անվանի դաշնակահարներ, ինչպիսիք են Դանիեկ Պոլլակը, Նիկոլայ Պետրովը, Միկաել Վոսկրեսենսկին:

- Ինչպե՞ս եք ընտրել Ձեր կյանքի լավագունը ընկերոջը: Ինչու՞ հենց դաշնամուր:
- Մի բան հաստատ գիտեի՝ առանց նվագելու ապրել չեմ կարող: Կյանքն իմ ու ծնողներից փոխարեն որոշեց, թե ով է լինելու այդ ընկերը:

- Դուք բազմիցս մասնակցել տարբեր միջազգային փառատոների, ու հաղթանակել այնտեղ: Հաղթանակի այդ պահերին գիտակցե՞լ եք, որ բեմի վրա ներկայացնում եք մի ամբողջ ազգ, մշակույթ և այդ պահին հենց Դուք եք այդ ազգի ամբողջական դեմքը:
- Այո, անշու՛շտ: Այդ իսկ պատճառով ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում իմ բոլոր ելույթներին, քանի որ ներկայացնում եմ մի ամբողջ ազգ ու մշակույթ: Կարծում եմ, որ ամեն կատարող հենց այդ զգացումով բեմ պիտի բարձրանա: Մշակույթն է, որ մեր երկիրը ճանաչելի է դարձնում միջազգային հարթակներում: Լինելով փոքր ազգ՝ մենք ունենք հզոր մշակույթ, մնայուն արժեքներ: Մեր պարտականությունն է արժանի կերպով ներկայացնել մեր արվեստը՝ ի նպաստ հայ մշակույթի զարգացման:

- Ինչպե՞ս եք գնահատում արտասահմանյան լսարանին: Կարո՞ղ եք այն համեմատել հայկական լսարանի հետ:
- Արտասահմանյան լսարանը մի փոքր տարբերվում է մեր լսարանից՝ այն շատ ավելի բուռն է արձագանքում համերգներին, բայց, միևնույն է, ավելի կարևոր է ինձ համար մեր խստապահանջ հանդիսատեսի կարծիքը: Նրանք մեծ ուժ և էներգիա են հաղորդում ինձ:

- Դուք կատարում եք հայ և օտարերկրացի դասականների ստեղծագործություններ: Ու՞մ գործերն են Ձեզ համար ավելի հոգեհարազատ:
- Սիրով եմ կատարում բոլորին, բայց մեծ ոգևորությամբ եմ վերաբերվում հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերին: Իմ պարտքն եմ համարում նրանց երաժշտությունը պրոպագանդելը: Համերգներիս ժամանակ էլ պարտադիր անդրադառնում եմ գոնե երկուսի ստեղծագործություններին:

- Բեմից, փորձերից դուրս ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել:
- Պրոֆեսիոնալ էստրադային երաժշտություն՝ Առնո Բաբաջանյան, Կոնստանտին Օրբելյան, Ալեքսանդր Աճեմյան, Խաչատուր Ավետիսյան, ինչպես նաև դասական այն ստեղծագորությունները, որոնք պատրաստվում եմ ապագայում կատարել:

- Ի՞նչ ծրագրերի շուրջ եք այսօր աշխատում:
- Շուտով ներկայացնելու եմ ունկնդիրներիս գործեր, որոնք նվիրված են ինձ և գրված են ինձ համար: Դրանք սպասում են իմ առաջին կատարմանը:

- Ո՞րն է Ձեր հոգու երաժշտությունը:
- Որն այդ պահին կատարում եմ, որին տվել եմ սիրտս ու հոգիս…

Հարցազրույցը վարեց Նարե Բեջանյանը