Երաժշտության կանացի դեմքը

Մեդեա Աբրահամյան

Հայաստանի ողջ պատմության ընթացքում հայ կանանց վերապահվել են տարբեր դերեր: «Մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք»` այսպես է բնութագրել հայուհուն պատմիչ Ագաթանգեղոսը: Հայ կնոջ ուժն ու զորությունը շատ հաճախ դարձել են այն շարժիչները, որոնց շնորհիվ առաջընթաց է գրանցվել մեր երկրի հասարակական, քաղաքական, և, իհարկե, մշակույթային կյանքում:

Կանանց միջազգային օրը կնոջ դերը կարևորելու ևս մեկ առիթ է:

Սիրելի կանայք և աղջիկներ, Music of Armenia-ն ջերմորեն շնորհավորում է Ձեզ այս տոնի կապակցությամբ: Գեղեցիկ և սիրված, ուժեղ և համարձակ եղեք: Թող որ Ձեր հոգու երաժշտությունը լինի խաղաղ և միաժամանակ արարող և ապրեցնող:

Այսօր կրկնակի տոն է հայ մեծանուն թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի համար: Հայ առաջին թավջութակահարը, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր, «թավջութակի թագուհի»-ն (այսպես են նրան անվանել աշխարհի մի շարք պարբերականներ) տոնում է իր ծննդյան օրը: Այս առիթով Ձեզ ենք ներկայացնում Music of Armenia-յի հարցազրույցը նրա հետ:

- Տիկին Աբրահամյան, Music of Armenia-յի անունից շնորհավորում եմ Ձեր այս օրը: Առողջություն և անսպառ ոգեշնչում եմ մաղթում` Ձեր ստեղծագործական մտքերն ի կատար ածելու համար:

- Ե՞րբ եք սկսել զբաղվել երաժշտությամբ, և ո՞րն է եղել Ձեր առաջին երաժշտական գործիքը:
- Չայկովսկու անվան դպրոց ընդունվել եմ 8.5 տարեկան հասակում (հիվանդության պատճառով մեծ էի իմ դասընկերներից): Թավջութակ նվագել ինձ խորհուրդ էր տվել դպրոցի տնօրեն պրոֆեսոր Կոնստանտին Սարաջևը, ով` նայելով իմ մատներին ասել էր, որ մայրիկիցս փոքր թավջութակ ուզեմ: Իմ հետագա ճակատագիրը կապված է եղել այդ թավջութակի հետ:

- Բոլորս ճանաչում ենք Ձեզ որպես տաղանդաշատ թավջութակահարուհու, բայց քչերը գիտեն, որ Ձեր անսահման սերը վայելել է ոչ միայն այդ գործիքը, այլ նաև լեռները:
- Այո, երիտասարդ տարիներին զբաղվել եմ լեռնագնացությամբ: Հաղթահարել եմ Ալագյազի, Արագածի, Կազբեկի, Էլբրուսի գագաթները: Մեծ հաճույք եմ ստացել լեռնագնացությունից, բայց, ցավոք, ստիպված եմ եղել թողնել իմ այս նախասիրությունը, քանի որ այն կապված էր վնասվածքների ռիսկերի հետ: Սա մեծ խոչընդոտ կարող էր լինել իմ երաժշտական կարիերայի համար:

- Վստահորեն կարելի է ասել, որ Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ Ձեր ուսանելու տարիները տպավորություններով լի են եղել: Ի՞նչ հետաքրքիր պատմություն կարող եք պատմել Ձեր կյանքի այդ շրջանից: Ինչպիսի՞ն եք հիշում Ձեր Մաեստրոյին:
- Իմ հանճարեղ ուսուցչից շատ բան եմ սովորել` կարգապահություն, պատասխանատվության զգացում, ծրագրին վարժ տիրապետում: Նա է ինձ պատրաստել լուրջ մրցույթներին` ի նկատի ունեմ միջազգային և համամիութենական մրցույթները: Երաժշտացանկս ընդլայնվում էր տարեց տարի: Չեմ կարող բառերով բնութագրել նրան: Մեծ է եղել նրա ազդեցություն մեզ` ուսանողներիս վրա:

- Այսօր հայ և օտարերկրացի դասականներից ու՞մ եք նախընտրում լսել և ինչու՞:
- Բոլորին էլ սիրում եմ, եթե նրանք պրոֆեսիոնալ են: Իհարկե, խոնարհվում եմ հանճարներ Բախի, Մոցարտի, Շուբերտի, Բետհովենի, Չայկովսկու, Դեբյուսիի, Ռախմանինովի առջև:

- Ինչո՞վ է այսօր զբաղվում Մեդեա Աբրահամյանը:
- Վերջին տարիներին գրում եմ իմ հիշողությունները: 2014-ին լույս է տեսել հայ կոմպոզիտորների, նրանց հետ համատեղ աշխատանքի մասին իմ հուշերի գիրքը: Նրանց ստեղծագործություններից շատերն ինձ են նվիրված եղել, քանի որ ես եմ եղել այդ ստեղծագործությունների առաջին կատարողը:

- Դուք եղել եք առաջինը, ով Հայաստանին միջազգային ճանաչում է բերել թավջութակային մշակույթում: Այսօր, միանշանակ, Ձեր ուսանողները շարունակում են Ձեր անցած այդ ուղին: Ի՞նչ հարթակներում են նրանք ելույթ ունեցել և ի՞նչ հաջողությունների են հասել:
- Ուսանողրներս ելույթ են ունենում տարբեր միջազգային, հանրապետական մրցույթներում: Նրանք բոլորն էլ գտել իրենց տեղը երաժշտական ասպարեզում, բայց, ցավոք, մեծամասնությունը լքել է երկիրը: Պիտի ասեմ, որ շատ եմ սիրում մանկավարժական գործունեությունը:

- Երիտասարդ հայ թավջութակահարներից ու՞մ ստեղծագործական ուղուն եք հետևում:
- Ասեմ այսպես` բոլորն էլ իմ ուշադրության կենտրոնում են: Կարծում եմ, հայկական հողը դեռ շատ անակնկալներ կմատուցի մեզ այս ասպարեզում` ի նկատի ունենալով հայ ազգի անսպառ տաղանդը:

- Ինչպիսի՞ն եք տեսնում հայ թավջութակային արվեստը մոտ ապագայում:
- Եթե մեր երաժիշտները շարունակեն դուրս գալ Հայաստանից, ապա սա հոռետեսական տրամադրությունների կարող է հանգեցնի: Կարծում եմ, ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղում կհայտնվի` դասականը միշտ ապրել է ու կապրի:

- Տիկին Աբրահամյան, շնորհակալություն զրույցի համար: Բարի և տոնական օր Ձեզ:

Հարցազրույցը վարեց Նարե Բեջանյանը