Եղիշե Բաղդասարյան
Եղիշե Բաղդասարյան
Եղիշե Բաղդասարյան, կոմպոզիտոր, դիրիժոր: Ծնվել է Շուշիում: 1901թ-ից սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում` Ա.Լյադովի դասարանում։ Կովկասի հայաբնակ քաղաքներում (Բաքու, Արմավիր, Շուշի և այլուր) կազմակերպել է երգչախմբեր և ժողովրդական գործիքների նվագախմբեր, որպես խմբավար և դիրիժոր հանդես է եկել համերգներով։
1910-ական թվականներին հիմնադրել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը և գլխավորել նրա գործունեությունը: Երաժշտության տեսության դասեր է տվել Լազարյան ճեմարանում։ Նրա մասնակցությամբ կազմվել և հրատարակվել են Հ.Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմ»-ը (Պետերբուրգ, 1903թ.), «Արցունքներ» գրական-գեղարվեստական-երաժշտական ժողովածուն (Պետերբուրգ, 1907թ.)։
Երգերի, խմբերգերի, ռոմանսների, ինչպես և ժողովրդական երգերի ու շարականների դաշնակումների հեղինակ է: Տեղեկությունների համաձայն գրել է «Անուշ» (1909թ., ըստ Հ.Թումանյանի), «Արտավազդ Բ» (ըստ Հար.Թումանյանի) օպերաները, «Անտառի մանուկ» (ըստ Ղ.Աղայանի) մանկական երաժշտական պատկերը։
Կոմպոզիտորի երգերից լայն ժողովրդականություն են վայելել «Աղջի բախտավոր» («Անուշ») և «Կործանվեցավ չարն իսպառ» («Արտավազդ Բ») խմբերգերը, «Մի լար, բլբուլ» (խոսք Ա.Ծատուրյանի) երգը, որոնք աչքի են ընկնում քաղաքային-ժողովրդական բնույթի մեղեդայնությամբ։ Պահպանվել է նրա ստեղծագործական ժառանգության մեկ մասը միայն:
Մահացել է Հյուսիսային Կովկասի Արմավիր քաղաքում: