Վահան Միրաքյան
Վահան Միրաքյան
1953թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան: 1956թ. հրավիրվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, ուր դերերգել է Լենսկի` «Եվգենի Օնեգին», Հերցոգ` «Ռիգոլետտո», Ալֆրեդ` «Տրավիատա»: Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում` Սարո` Տիգրանյանի «Անուշ», Սայաթ Նովա` Հարությունյանի «Սայաթ Նովա», իսկ դասական խաղացանկից` Էդգար` «Լուչիա դի Լամերմուր», Խոզե` «Կարմեն», Ռուդոլֆ` «Բոհեմ»:
1962թ. դարձել է Երևանի օպերայի եւ բալետի թատրոնի մենակատար: 1963թ. համամիութենական տենորների մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Միլան: 1963-67թթ վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ.Բարիի ղեկավարությանբ: Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով: 1976թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Ելույթներ է ունեցել Խորհդային Միության խոշոր քաղաքներում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հարավսլավիայում, Սիրիայում, Լիբանանում, Շվեյցարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Կանադայում և այլուր:
1981-2005թթ ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում: 1983թ. Բելինիի «Նորմա» օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը:
2002թ. Հայաստանում համերգ է ունեցել որդու` օպերայի մեներգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ: 2004թ. Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվել է երգչի ստեղծագործական գործունեության 45-ամյակը, իսկ 2011թ.` ծննդյան 75 և ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով: