Շարա Տալյան
Շարա Տալյան
Շարա Տալյանը 1901-13 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Նա աշակերտել կոմպոզիտորներ Սյունուն և Մելիքյանին։ 13 տարեկանից մեներգել է դպրոցի երգչախմբում։ Տալյանի առաջին մենահամերգները տեղի են ունեցել 1911թ. (Շուլավեր) և 1912թ. (Թիֆլիս)։
1912թ. Թիֆլիսում մասնակցել է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը։ Ճանաչվել է Հոր-հոր աղայի դերերգով։ Ալեքսանդրապոլում Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացման մեջ կատարել է Սարոյի դերերգը։
1913-16թթ աշխատել է Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար։ 1916-17թթ սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում, աշակերտել Գաբելին և Կլինովսկուն, միաժամանակ երգել տեղի հայկական եկեղեցու երգչախմբում։ Թիֆլիսի, Բաթումի, Երևանի և Հայաստանի այլ քաղաքների հայկական թատերական փոքր, երբեմն էլ իր ստեղծած խմբերում հանդես է եկել որպես երգիչ-դերասան։
1923 թ. կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը։ Բեմադրել է Գունոյի «Ֆաուստ», Ռուբինշտեյնի «Դևը», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ։
1927 թ-ից բնակվել է Երևանում։ Ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից։
1932-33թթ մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը։ 1938 թ. կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ, որը կոչվել է Սայաթ-Նովայի անունով։ 1942 թ. նրա ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները։ Վերջին անգամ ելույթ է ունեցել 1956 թ. Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում։ Մահացել է Երևանում։
1939 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1946 թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Տալյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, երաժշտական դպրոց՝ Վանաձորում։