Ռաիսա Մկրտչյան
Ռաիսա Մկրտչյան
Ծնվել է 1942թ. փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան: Ավարտել է ԵրևանիՌ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը:
1963-68թթ սովորել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Ուսմանը զուգահեռ` երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում` «Յուննոստ», «Կռունկ»: Եղել է Բաբաջանյանի,Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: Կատարել է նաև ռուս, ուկրաինացի, վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
1968թ-ից հանդիսանում է հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: 1965թ. երաժշտական փառատոնում արժանացել է ոսկե մեդալի և դափնեկրի կոչմանը:
1968թ. Մոսկվայի «Մայակ», 1971թ.` «Յուննոստ» ռադիոկայանների համամիութենական մրցույթներում արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 1967-75թթ եղել է Սոչիի, Մինսկի և Լեհաստանի Սոպոտ քաղաքի միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր:
1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Կարնեգի Հոլ», Սիդնեի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում:
2001թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2008թ.` Մոսկվայի «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալի, 2009թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2011թ.` ՀՀ ԱԺ Պատվո մեդալի: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: