Միքայել Թարիվերդիև
Միքայել Թարիվերդիև
Միքայել Թարիվերդիև (օգոստոսի 15, 1931, Թբիլիսի - հուլիսի 25, 1996, Սոչի), ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ։
Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։
Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն։
Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։
Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։ 1997 թվականին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։ 1999 թվականից՝ 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների՝ Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ։ Նա ղեկավարում էր Սովետական կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան։