Մաեստրո Վարդազարյանի հոգու մեղեդիները

Մարտին Վարդազարյան

1950-ականների վերջում երաժշտական շրջանակներում հիացմունքով էին խոսում երիտասարդ դաշնակահար Բուլիկի մասին: Իր մազերի դեղին գույնի պատճառով փոքրուց այդ մականունը ստացած Մարտին Վարդազարյանի մասին հիացմունքով խոսելու էին դեռ մի քանի տասնամյակ:

Կոմպոզիտոր, դաշնակահար, երգահան, խմբավար, պրոֆեսոր. շնորհաշատ և ինքնատիպ այս երաժշտի մասին, թվում է, թե կարելի է անվերջ խոսել:

Հայրը` շեփորահար և դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը երազում էր, որ որդին երաժիշտ դառնա: 1944-ի ավտովթարը թույլ չտվեց, որպեսզի նա որդու փայլուն երաժշտական ուղու ականատեսը լինի: Մարտինն ի կատար ածեց հոր երազանքը` դառնալով մի քանի սերունդների կողմից սիրված երաժիշտ:

Նույն 1944-ին Մարտին Վարդազարյանն ընդունվեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, իսկ տասներկու տարի անց` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարանը: Երաժշտության նկատմամբ անսպառ սերն ու աշխատասիրությունը նրան կրկին բերեցին կոնսերվատորիա` այս անգամ Էդվարդ Միրզոյանի կոմպոզիտորական դասարան:

Չնայած Վարդազարյանը կոմպոզիտորական դասարանն ավարտեց 1970-ին, արդեն իսկ 1960-ից նա հայտնի կոմպոզիտոր էր: Նրա ստեղծագործությունները հնչում էին ռադիո և հեռուստաեթերներում, թատերական ներկայացումներում և ֆիլմերում:

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը մեծ արձագանք ստացավ հանրության կողմից, ևս մեկ անգամ բարձրաձայնեց մաեստրո Վարդազարյանի անունը: Ֆիլմի գլխավոր առավելություններից մեկը հենց երաժշտությունն էր, որի հեղինակն էր Մաեստրոն:

Կոմպոզիտորական ակտիվ գործունեությունը չխանգարեց Մաեստրոյին ղեկավարել և նոր բարձունքների հասցնել Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախումբը: Նվագախմբի բազմաթիվ արխիվային ձայնագրություններում կարելի է գտնել հայ կոմպոզիտորների, այդ թվում նաև` Մարտին Վարդազարյանի ջազային ստեղծագործությունները:

Նա երաժշտություն է գրել ավելի քան 140 թատերական պիեսների համար, շուրջ 40 ֆիլմի և 5 մյուզիքլի երաժշտության հեղինակ է: Մեծ է նաև դասական երաժշտության մեջ ունեցած նրա ավանդը`սոնատ դաշնամուրի համար երկու մասից, քառյակ լարային գործիքների համար, «Նվիրում Բարտոկին» սիմֆոնիկ պոեմը և այլն:

Մաեստրո Վարդազարյանը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում, երկար տարիներ ղեկավարել Հայաստանի կոմպոզիտորների տունը:

Այսօր նա շարունակում է իր ակտիվ ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը` Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետի դասախոսը:

Այս բեղուն կենսագրությունը համատեղվում է նրա գեղեցիկ և դրական մարդկային կերպարի հետ: Այդպիսին է նաև նրա երաժշտությունը` թեթև ու հոգին շոյող, ոգեշնչող ու հուսադրող:

Նյութը պատրաստեց Նարե Բեջանյանը