Music of Armenia-ի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը կկայանա «Կանանց երաժշտական միամսյակ»-ը

Կանանց երաժշտական միամսյակ

Music of Armenia-ի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Երևանում և Դիլիջանում կկայանա «Կանանց երաժշտական միամսյակ»-ը որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր:

«Կանանց երաժշտական միամսյակ»-ը մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով իրենց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերունդը:

Ծրագրի շրջանակներում Music of Armenia-ն հայտարարել է երիտասարդ երաժիշտ աղջիկների կրթաթոշակների մրցույթ։ Կրթաթոշակները կտրվեն երկու տաղանդավոր աղջիկների, ովքեր կունենան հնարավորություն իրենց ոլորտում ստանալ դասընթացներ բարձրորակ մասնագետների հետ։

Ծրագիր և մասնակիցներ`

Մեկնարկման համերգ | Հանդիպում Արմինե Գրիգորյանի հետ
8 Մարտ 2018 | 19:00 - Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Երևան
Երեկոն կսկսվի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի էքսկուրսիայով, այնուհետև կշարունակվի համերգային ծրագրով նվիրված Արմինե Գրիգորյանին, ով հանդիսանում է Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհին և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն։ Միջոցառման ժամանակ Արմինե Գրիգորյանի հետ կզրուցենք իր գործնական և ստեղծագործական ճանապարհի մասին ինչպես նաև կվայելենք համերգային ելույթներ իր և իր հյուրերի կատարմամբ։ Միջոցառումը կավարտվի գինու հյուրասիրությամբ, որի ընթացքում ունկնդիրը հնարավորություն կունենա Արմինե Գրիգորյանի հետ զրուցել անձամբ։
Մուտքն ազատ է։ Գրանցումը պարտադիր է: Գրանցվել այստեղ:

Վարպետաց դաս DJ Անաիսի հետ
16 Մարտ 2018 | 17:00 - Դիլիջանի միջազգային դպրոց
Միջոցառումը կսկսվի վարպետաց դասով DJ Անաիսի հետ, որի ընթացքում Դիլիջանի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել դիջեական հմտություններ։ Երեկոն կավարտվի DJ Անաիսի ելույթով։
Մուտքն ազատ է։ Գրանցումը պարտադիր է: Գրանցվել այստեղ:

Տարվա հոբելյար Անժելա Աթաբեկյան
22 Մարտ 2018 | 16:00 - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Այս տարվա «Կանանց երաժշտական միամսյակ»-ի հոբելյարը Անժելա Աթաբեկյանն է, ով տոնում է իր 80 ամյակը։ Անժելա Աթաբեկյանը ճանաչված է իր հեղափոխական մոտեցմամբ, որի շնորհիվ նաև կին երաժիշտները կարող են նվագել քանոն։ Մինչ օրս Անժելա Աթաբեկյանը ակտիվ գործունեություն է ծավալում հանդիսանալով Երևանի Կոմիտասի անվան պետական համալսարանի դասախոս։ Միջոցառման ժամանակ Անժելա Աթաբեկյանի հետ կզրւցենք իր գործնական և ստեղծագործական ճանապարհի մասին ինչպես նաև կվայելենք համերգային ելույթներ իր և իր հյուրերի կատարմամբ։
Մուտքն ազատ է։ Գրանցումը պարտադիր է: Գրանցվել այստեղ:

Երաժշտական երեկո Լիլիթ Պիպոյանի հետ
29 Մարտ 2018 | 19:00 - ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամյան 2/2, Երևան
Լիլիթ Պիպոյանը բոլորիս քաջ ծանոթ է իր յուրահատուկ հեղինակային մշակույթով։ Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա և նա միջնադարյան աշխարհիկ երգերի հիման վրա ստեղծում է ժամանակակից նոր մեղեդիներ։
Մուտքն ազատ է։ Գրանցումը պարտադիր է: Գրանցվել այստեղ:

Փակման համարգ | Դասական երաժշտության երեկո «Օտրի տրիո»-ի հետ
7 Ապրիլ 2018 | 19:00 - Դիլիջանի միջազգային դպրոց
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը կամփոփվի ապրիլի 7-ին Դիլիջանի միջազգային դպրոցում «Օտրի տրիո»-ի համերգային ելույթով։ «Օտրի տրիո»-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից բաղկացած կամերային տրիո է, որի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են:
Մուտքն ազատ է։ Գրանցումը պարտադիր է: Գրանցվել այստեղ:

«Կանանց երաժշտական միամսյակ»-ը այսուհետ կդառնա ավանդական միջոցառում, որը հնարավորություն կտա բոլորիս մեր մտերիմների և սիրելիների հետ տոնել այս գեղեցիկ միամսյակը։

.....
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ։