Ջազն ու մենք

Ցոլակ Վարդազարյան և Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Ապրիլի 30-ը մեծ տոն է ջազասերների համար՝ այդ օրն ամբողջ աշխարհով մեկ տոնում են Ջազի միջազգային օրը: Այս օրվա տոնակատարությունն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել նաև Հայաստանի համար: Բազմաթիվ համերգային հարթակներ հյուրընկալում են հայ և արտասահմանյան ջազ-երաժիշտներին:

Զբոսնե ՞նք երևանյան ջազի ճանապարհներով:

Ջազը կյանքի ոճ է: Ջազ-երաժիշտը կատարող չէ՝ նա հանդիսատեսի առջև իր փխրուն, վայրկյանական, անորսալի՝ ինչպես անձրևի ստվերը արվեստ արարողն է:

Ջազն աննկարագրելի քաոս է՝ ինտուիցիայի, ճաշակի, կյանքի ոճի:

Ինչպես ասել է գրող Սերգեյ Դովլաթովը՝ «Ջազը մենք ինքներս ենք՝ մեր լավագույն ժամերին»:

Հենց այդպես, Երևանն իր լավագույն ժամերին ջազ է լսում: Ու ավելի կարևոր է, քաղաքս ջազով ապրում է: Ու պատճառն այն չէ, որ Երևանում «ծլում ու ծաղկում են» տարբեր տարիքի ու ժանրերի մեջ կատարող ջազ-երաժիշտներ, և, առավել ևս այն չէ, որ Երևանիս տարբեր հատվածներում տեղ են գտել բազմաթիվ ջազ-ակումբներ: Ուղղակի մեր քաղաքն ապրում է այդ ջազի ռիթմերով:

Իմպրովի՛զ: Այ, սա՛ է ջազի ամենակարևոր առանձնահատկությունը: Ու մեր կյանքը Երևանում անդադար իմպրովիզի՝ ռիթմերի արագընթացության մեջ է անցնում: Եվ այդ ռիթմերը մեզ երեկոյան անպայման հասցնում են ջազաշատ մի վայր՝ դառը սուրճի (այո՛, անպայման՝ դառը) ընկերակցությամբ վայելելու մեր քաղաքի ջազը:

Երևանի և ջազի ընկերությունը, միանշանակ, ստացվել է: Այդ ընկերությունն ունի ավելի քան 75 տարվա պատմություն:

Ամեն ինչ սկսվեց 1936-ին, երբ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի և դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Արտեմի Այվազյանից հետո նվագախումբը ղեկավարեց Կոնստանտին Օրբելյանը, որի օրոք ԽՍՀՄ-ի ջազ համույթներից այն առաջինը մեկնեց ԱՄՆ հյուրախաղերի և վերադարձավ մեծ հաջողություններով: Այդ ժամանակ Երևանը, երևի թե, այն եզակի խորհրդային քաղաքներից էր, որի երաժիշտներն այդքան համարձակ կարող էին գտնվել օտար երաժշտություն նվագելու համար: Հենց այդ ժամանակ էր, որ ԽՍՀՄ-ում շրջում էր տարածված «Այսօր նա ջազ է լսում, իսկ վաղը հայրենիքը կծախի» խոսքը: Իսկ ջազ նվագելը համարձակ ու անկախ լինելու դրսևորում էր:

25 տարի անց հայկական ջազը շարունակեց իր զարգացումը՝ այս անգամ Բրյուսովի անվան համալսարանում ստեղծվեց Երևանում առաջին ջազ բենդը՝ «Լևոն Մալխասյանի տրիոն»: Կազմում նվագում էին կոնտրաբասիստ Արթուր Աբրահամյանը, հարվածային Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, հետո էլ նրանց միացավ սաքսոֆոնահար Ալեքսանդր Ջաղարյանը:

1968-ին Լևոն Մալխասյանի նախաձեռնությամբ Հայաստանում կայացավ առաջին հանրապետական ջազ փառատոնը, ինչը նոր դռներ բացեց հայ ջազ-երաժիշտների համար: Տարբեր փառատոներին ու մրցույթներին մասնակցող հայ երաժիշտներն առանց մրցանակների հետ չէին վերադառնում:

1985-ից Հայաստանում կայացան համամիութենական ջազ-փառատոներ, որոնք Երևանը դարձրեցին խորհրդային շրջանի ջազ-մայրաքաղաք:

Որոշ ժամանակ անց ամեն ինչ, կարծես, կանգ առավ՝ երկրաշարժ, պատերազմ: Տաղանդաշատ շատ երաժիշտներ լքեցին Հայաստանը: Տպավորություն էր, թե ջազը Երևանից վերացել է:

90-ականների երկրորդ կեսին հայկական ջազը վերածնունդ ապրեց: Այդ ժամանակ էր, որ մայրաքաղաքը մի քանի օրվա ընթացքում միջազգային ջազ փառատոնի շրջանակներում հյուրընկալեց բազմաթիվ ջազ երաժիշտների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Շվեդիայից Սլովակիայից: Ու այստեղ էլ մեր երաժիշտներին սկսեցին հրավիրել բազմաթիվ միջազգային մրցույթների:

Այսօր հայաստանյան ջազն անհնար է պատկերացնել առանց դաշնակահար Տիգրան Համասյանի, որի գործերը ցնցում են ջազ հանրությունը: Նոր ձայնասկավառակներ, ծրագրեր ու համագործակցություններ՝ Համասյանի տաղանդն ու իմպրովիզը, կարծես թե, անսպառ են:

Մալխաս, Վահագն Հայրապետյան, Չիկո, «Գողթ»՝ հայաստանյան ջազ երաժիշտների ցուցակը անվերջ կարելի է շարունակել, ինչպես անվերջ կարելի է խոսել ջազի մասին:

Ջազը կա՛մ դիպչում է հոգուն, կամ՝ ո՛չ: Ջազի նկատմամբ սերն արհեստականորեն չես կարող ստեղծել: Դու կա՛մ հերքում ես այն, կա՛մ ընկալում ու սկսում սիրել: Ջազը ընդունակ է անմնացորդ կլանել մարդուն, դառնալ նրա կյանքի ոճն ու ռիթմը:

Ու քանի դեռ հայաստանյան կյանքում ներկա է անվերջ այս քաոսը, ջազը մեզանից անպակաս է լինելու:

Նյութը՝ Նարե Բեջանյանի