Գոհար Գասպարյան
Գոհար Գասպարյան
Գոհար Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան, 1924 դեկտեմբերի 14, Կահիրե - 2007 մայիսի 16,Երևան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի,սոցիալիստական աշխատանքի հերոս։
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։
1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։
Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։