Առնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյան, կոմպոզիտոր, դաշնակահար: ՀԽՍՀ (1960), ԽՍՀՄ (1971) ժողովրդական արտիստ:
Ավարտել է Երևանի (ստեղծագործական, 1947) և Մոսկվայի (դաշնամուրի, 1948) կոնսերվատորիաները, կատարելագործվել Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում (1946-48):
1950-56-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Ինը տարեկանում գրել է «Պիոներական քայլերգը», որը հրատարակվել է Ե. Չարենցի աջակցությամբ: Վաղ շրջանի ստեղծագործություններում՝ Դաշնամուրի (1944), Ջութակի (1949) կոնցերտներ նվագախմբի հետ, նկատելի է Ա.Ե. Խաչատրյանի և Մ. Ռախմանինովի ոճերի ազդեցությունը:
Բաբաջանյանի ստեղծագործական դրամատիզմը, դինամիկ, մեղեդային և հարմոնիկ հագեցվածությունն առավել բնորոշ են դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադին» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ (1951), Դաշնամուրային տրիոյին (1952), Ջութակի և դաշնամուրի սոնատին (1959), Թավջութակի կոնցերտին (1962):
Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում (1947, Պրահա) Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», «էքսպրոմտը» և «Պրելյուդը» արժանացել են 1-ին մրցանակի: Ժամանակի նորարար, շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947, 2-րդ խմբ.՝ 1956), «Վեց պատկերը» (1965, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1966), № 3 կվարտետը (1976): Ճանաչված են նաև Բաբաջանյանի «էլեգիան», «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Ա. Հարությունյան), Նոկտյուռնը:
Բաբաջանյանի մեղեդային բացառիկ տաղանդը, խոր զգացմունքայնությունը առավելագույնս դրսևորվել են նրա հայրենասիրական ու քնարական երգերում և թատերական (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Գ. Սունդուկյանի անվ. թատրոն) ու կինոերաժշտության («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ», «Երջանկության մեխանիկան», ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983) մեջ: Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել է փողոց, կանգնեցվել նրա հուշարձանը (2003, քանդ.՝ Դ. Բեջանյան):