Արմեն Մովսիսյան. «Պետք էր ժամանակ, որ կարոտը նաև երգ դառնար»

Արմեն Մովսիսյան

Պարիր ծովի վրա, մեր հույսերից ծնված նավակ,
Լողա, ծովերն ի վեր`պարզած ճերմակ առագաստներ:
Վերցրու քեզ հետ սրտերը մեր,
Մեր լեռներից խաղաղ հողեր,
Վերցրու քեզ հետ խաչված քարեր,
Ծով դաշտերից ոսկե հասկեր,
Մեր Կիլիկիո անմար երգով,
Մեր պապերի կարոտ Էրգրով,
Հուսո ճերմակ առագաստով
Հասիր բաց ծով:

Վերադարձի հիմն դարձած այս տողերով ոգեշնչվել եմ շուրջ տասնհինգ տարի` հույսերից, հավատից, սիրուց ու կարոտից կառուցելով վերադարձիս նավակը: Տասնհինգ տարի անց նրա առագաստները վերջապես հասցրեցին ինձ Հայրենիք:

Ժամանմանս առաջին օրն ինձ մեծագույն անկնկալ էր սպասվում. Արմեն Մովսիսյանի և Լիլիթ Պիպոյանի «Հուսո առագաստներ» խորագրով համերգի հրավեր էի ստացել:

Պատահականությու՞ն: Չեմ կարծում:

Լեփ լեցուն դահլիճի բուռն ծափահարությունների ներքո բեմի վրա են հայտնվում Արմեն Մովսիսյանն ու Լիլիթ Պիպոյանն ու սկսում.

«Պարիր ծովի վրա, մեր հույսերից ծնված նավակ,
Լողա, ծովերն ի վեր`պարզած ճերմակ առագաստներ»…

Հնարավո՞ր է արդյոք նկարագրել այն զգացմունքները, որոնք ապրել եմ այդ պահին: Արցունքներս չէին դադարում: Դահլիճից դուրս եկա հուզված և ալեկոծված սրտով` ցանկություն փայփայելով շնորհակալություն հայտնել Արմեն Մովսիսյանին: «Հուսո առագաստներ»-ը ճակատագրական դարձավ ինձ համար:

Այսօր այդ երգի հեղինակ Արմեն Մովսիսյանի հետ զրուցելու երջանիկ հնարավորություն ունեցա:

- Լիլիթ Պիպոյանի հետ վաղեմի ընկերներ ենք: Միասին շրջագայել ենք շատ երկրներում, ունեցել բազմաթիվ համատեղ համերգներ: Հիմա արդեն քանակն էլ չեմ հիշում: 2015-ի այդ համատեղ համերգը մեր հին և բարի օրերը հիշելու հնարավորություն էր: Կարծում եմ` լավ համերգ էր, - ասում է Արմեն Մովսիսյանը:

Հետաքրքիր է` ի՞նչ առանցքային իրադարձություն տեղի պիտի ունենար մասնագիտությամբ ռադիոֆիզիկի կյանքում, որպեսզի նա մի օր հայտնվեր երաժշտական ասպարեզում և, ինչը շատ կարևոր է, ասելիք ունենար ունկնդրին: Երաժիշտը խոստովանում է, որ եթե ուսանողական տարիներին ասեին, թե երգահան է դառնալու, չար կատակ կհամարեր: Կողքից էլ կարծիքներ են հնչել. «Քո խելքի բանը չէ»: 

- Երաժշտական դպրոց անգամ չեն ընդունել` լսողության բացակայության պատճառով: Բնության բոլոր օրենքներով զրո հավանականություն ունեի երաժիշտ դառնալու: Մինչ այսօր ես էլ եմ ինձ` հարցնում` ի՞նչպես եղավ: Սա երևի այն դեպքն է, երբ ասում են. «Մի՜ ասա երբեք», - խոստովանում է երգահանը:

Ինչևէ, ժամանակը ցույց տվեց, որ նա օժտված էր և՜ լսողությամբ, և՜ բանաստեղծական տաղանդով: Անհատական «Երեք ձայն», «Մեր մանկության աստղաթիռը», «Մանչս», «Հուսո առագաստ», «Խելառ իմ երգ», «Իմ կախման կետեր» սկավառակները դրա վառ ապացույցներն են:

- Ընդհանրապես արտիստի կյանքն ինձ հակացուցված է: Ես սիրում եմ մենակ մնալ, առանձնանալ, դժվար եմ շփվում անծանոթ մարդկանց հետ: Ամենասարսափելի պահն է, երբ սկսում են գովել ինձ, - ասում է Արմեն Մովսիսյանը: Վերջերս գայթակղվեցի, ծննդյանս ամսաթիվը նշեցի ֆեյսբուքյան էջումս: Անկեղծ, երկու օր հայհոյում էի ինձ նման թուլության համար: Կարդում էի մարդկանց գրառումներն ու շիկնում դպրոցականի նման:

Չնայած նա չի սիրում գովասանքի խոսքեր`պիտի խոստովանենք, որ Արմեն Մովսիսյանն իր արվեստով գոհացնում է ո՜չ միայն իր սերնդակիցներին, այլ նաև մեր բազմաճաշակ երիտասարդությանը:

- Միգուցե իմ ինքնակենսագրական երգերը համընկնում են շատերի աշխարհընկալման, սիրո, թախիծի, կարոտի ու այլ զգացմունքների հետ: Միգուցե:

Արդեն մեկ տասնամյակ է, ինչ երգահանը բնակվում է Հայաստանից դուրս` ապրելով հայրենիքի նկատմամբ ունեցած այն կարոտն ու թախիծը, որոնց այդքան անգամ անդրադարձել է իր ստեղծագործություններում:

- Չկա այդ կարոտը լրացնելու ձև: Կարելի է մեղմել այն, բայց ոչ լրացնել: Հայաստանից դուրս գալուց հետո դեռ մի երկու տարի իներցիայով գրում էի ինձ համար: Ու հասկացա, որ ոչինչ էլ չեմ գրում: Ամենը աղբ է: Շպրտեցի թղթերը: Եվ վերջ: Լռություն մի 7 տարի: Պիտի կոտրվածը կպչեր, վերքը գոնե սպիանար, պետք էր ժամանակ, որ կարոտը նաև երգ դառնար, - անկեղծանում է երաժիշտը:

Անդրադառնալով հուսո առագաստների տուն դարձնող ճանապարհին` Արմեն Մովսիսյանը խոստովանում է, որ դա իր օրակարգի մշտական հարցերից է. ուղղակի անընդհատ կարիքի ու դատարկ գրպաններով ապրելուն պատրաստ չէ: Տարիքն էլ արդեն այն չէ, չնայած այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն էլ չեն դադարում:

Այսօր ԱՄՆ-ում ապրող երաժիշտը շարունակում է երգել իր ապրած կյանքի մասին, ուսուցանել երեխաներին և պատրաստվում է հունիսին մենահամերգով հանդես գալ հայաստանյան ունկնդիրներիի առջև:

Միգուցե հուսո առագաստներն այս անգամ էլ նրա՞ն վերադարձնեն Հայրենիք:

Հարցազրույցը վարեց Նարե Բեջանյանը