1900+ մեղեդիները Հայկ Մելիքյանի աշհարհահայացքով

Հայկ Մելիքյան

Մարտի 13 –ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ 1900+ նախագծի թվով տասներեքերորդ համերգը, որը հայ ունկնդրին ներկայացրեց ժամանակակից արգենտինական դաշնամուրային երաժշտությունը: Համերգին հնչեցին Կարլոս Գուաստավինոյի, Մաուրիսիո Կագելի, Խուան Խոսե Կաստրոյի, Արիել Ռամիրեսի, Սիլվինա Միլշտեյնի, Ալեհանդրո Սիվիլոտիի, Ալբերտո Հինասթերայի ստեղծագործություններից:
Նախագծի նպատակն է հայկական լսարանին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Բազմաթիվ կոմպոզիտորներ հատուկ 1900+ նախագծի համար ստեղծագործություններ են գրել, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում:
1900+ նախագծի, դրա կարևորության շուրջ զրուցել ենք ծրագրի գեղարվեստական ղեկավար, համերգաշարի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ:

- Հայկ, 1900+ նախագիծն արդեն ունեցել է 13 համերգ` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային երաժշտությանը: Քանի՞համերգ է դեռ ներկայացվելու հայ ունկնդրին այս նախագծի շրջանակներում և ո՞ր երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններին են դրանք նվիրված լինելու: 
- 1900+ համերգաշարը իմ և իմ պրոդյուսեր Ալեքսանդր Հակոբյանի միտքն էր: Այն ստեղծեցինք 2009-ին, որը հետո ստացավ նախագծի ձևաչափ: Քանի որ նախագծի շրջանակներում կազմակերպվել է կոմպոզիտորների մրցույթ, այժմ ներկայացվում են ձայնասկավառակներ, թողարկվում հայ ժամանակակից կոմպոզիտորների նոտաներ և այլն: Արդեն հասցրել եմ ունենալ 13 համերգ, այդ թվում ռուսական, լեհական, շվեյցարական, բալթյան երկրների, ամերիկյան, հունական, բրազիլական, գերմանական, չեխական, ֆրանսիական, իտալական, ճապոնական և արգենտինական: Բայց առջևում դեռ շատ հետաքրքիր ծրագրեր կան: Վերջապես, ժողովուրդները շատ են և բազմազան: Չեմ ցանկանա ժամանակից առաջ ընկնել, բայց այսօր մենք աշխատում ենք 1900+ շարքի 14-րդ համերգի վրա, որը նվիրված կլինի շվեդական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը:

- Այս նախագիծն իրականացվում է համապատասխան երկրի դեսպանատան հետ մեկտեղ: Արդյոք ունենու՞մ է դեսպանատունն իր մասնակցությունը համերգի ծրագրի կազմման հարցում:
- 1900+ նախագիծը համագործակցում է Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատների կամ դիվանագիտական այլ ներկայացուցչությունների հետ և մենք, իհարկե, քննարկման ենք դնում նաև համերգի ծրագիրը: Ինձ շատ հաճելի է, երբ դեսպանները հաճախ երաժշտասեր են գտնվում և մենք հետաքրքիր զրույցներ ենք ունենում այս կամ այն կոմպոզիտորի գործունեության շուրջ: Հիշում եմ, Հունաստանի դեսպան՝ պն. Իոանիս Թագիսի իմ փորձին ներկա գտնվելու ժամանակ հետաքրքիր զրույց ունեցանք Քսենակիսի երաժշտության շուրջ, կամ գնահատելի է Լիտվայի դեսպանի՝ պն. Էրիկաս Պետրիկասի մեծ ներդրումն իմ լիտվական երաժշտության համերգում Լիտվայի մեծ կոմպոզիտորներ Չուռլիոնիսի և Դվարիոնասի ստեղծագործությունների նոտաների և ձայնագրությունների տրամադրման հարցում:

- Համերգներին հնչում են ոչ հայկական ստեղծագործություններ: Ինչպե՞ս են դրանք ընդունվում հայ լսարանի կողմից:
- Ունեմ իմ շատ սիրելի և հավատարիմ լսարանը, որը միշտ հետաքրքրված է իմ ասելիքով և նաև ապագա ծրագրերով: Շատ հաճախ եմ ստանում հարցեր կամ նամակներ երիտասարդ կոմպոզիտորներից կամ երաժշտագետներից, ովքեր հետաքրքրվում են հատկապես մեր ժամանակների աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող կոմպոզիտորների գործունեությամբ:

- Ի՞նչ այլ ծրագրեր են ներկայացվել 1900+ նախագծի շրջանակներում:
- 1900+ նախագիծը 2011թ. իրականացրել է հայ կոմպոզիտորների մրցույթ, որտեղ լավագույն ստեղծագործություններ են ճանաչվել Էդուարդ Սադոյանի, Կարեն Անանյանի, Ժիրայր Շահրիմանյանի և Արման Սահակյանի ստեղծագործությունները: Նպատակն էր առաջին անգամ հնչեցնել նրանց ստեղծագործությունները, որոնք գրվել են դաշնամուրի կատարողական տարբեր ձևաչափերի մեջ՝ էլեկտրոնային ձայներից մինչև հարվածային գործիքների կիրառում: Պրեմիերայից հետո տպագրվեցին այս ստեղծագործությունների նոտաները և ես դրանք անմիջապես ձայնագրեցի, որոնք նախագծի վերջին փուլում 2012թ. թողարկվեցին 1900+-ի առաջին ամփոփիչ ձայնասկավառակում: Այդ ձայնասկավառակում ներառվեցին նաև իմ կողմից առաջին անգամ կատարված և ձայնագրված արտամրցութային ստեղծագործություններ, այդ թվում Արթուր Ակշելյանի, Արամ Հովհաննիսյանի, Սոֆյա Միքայելյանի պիեսները: 1900+ նախագծի թվով երկրորդ ձայնասկավառակը նվիրված է ամերիկաբնակ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանին, որտեղ ներառված են նրա ամբողջական դաշնամուրային ստեղծագործությունները: Սկավառակը թողարկվել է 2016թ-ին:

- Նախագիծն իրականացվում է արդեն իններորդ տարին: Դժվար չէ՞արդյոք անընդհատ փոփոխվող պայմաններում, այդ թվում` ունկնդրի պահանջարկի, ներկայացնել ինը տարի առաջ մշակված ծրագիր: Թե՞այն մեր երկրի մշակույթային կյանքին զուգահեռ է գնում և ենթարկվում ինչ-որ փոփոխությունների:
- Իհակե, մենք ունենք դեռևս 2009թ. մշակած մեր հիմնական նախագիծը և համերգային հիմնական ծրագրերը, որով առաջնորդվում ենք մինչ այժմ, բայց կենտրոնանալով այս կամ այն համերգի, տվյալ ժողովրդի երաժշտությունը ներկայացնելու վրա: Իհարկե, կատարում ենք փոփոխություններ, որովհետև ես պարբերաբար ծանոթանում եմ տարբեր ազգության կոմպոզիտորների հետ, ինչպես նաև տարիների ընթացքում բացահայտում նրանց: 1900+ նախագիծն արդեն լայն արձագանք ունի տարբեր երկրներում; Շատ հաճախ մենք ստանում ենք նոր պիեսներ գրելու առաջարկներ, ստեղծագործությունների նոտաներ:

- Ինչպե՞ս է սկսվել Հայկ Մելիքյանի նոր ստեղծագործական տարին, և ի՞նչ նոր ծրագրեր և բեմեր են նրան սպասվում:
- Այս տարին ևս բուռն ստեղծագործական աշխատանքներով է սկսվել, քանի որ հասցրել եմ ձայնագրել երկու սկավառակ, որոնք շատ շուտով լույս կտեսնեն: Առաջին սկավառակը նվիրված է Բախին, որում ներառված են նրա խորալային պրելյուդները, ինչպես նաև Բախի ստեղծագործությունների հանրաճանաչ փոխադրումները՝ այդ թվում Բրամսի, Բուզոնիի, Զիլոտիի, Կեմպֆի մշակումները: Այս սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Երկրորդ սկավառակը նվիրված է բրազիլական երաժշտությանը և ներառում է Բրազիլիայի հանրաճանաչ կոմպոզիտորների՝ Էնրիկե Օսվալդի, Հեիտոր Վիլա-Լոբոսի, Էռնստ Մալեի, Ռադամես Գնատտալիի, Կամարգո Գուարնիերիի, Օսվալդո Լացերդայի և Էդսոն Զամպրոնիայի ստեղծագործությունները: Այս երկու ձայնասկավառակների թողարկումը իրականացնում են Հայաստանում Գերմանիայի դաշնության և Բրազիլիայի դեսպանությունները, որոնք համալրում են “Embassy CD Series” շարքը, որը 1900+ նախագծի ճյուղն է: Իսկ առաջիկա սպասվող իմ համերգը տեղի կունենա Պետերբուրգում, ապրիլի 24-ին, որտեղ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարելու եմ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի կոնցերտը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Հարցազրույցը վարեց Նարե Բեջանյանը